ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը:
Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի բացման համերգը տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում։
Կատարումներով հանդես են եկել Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկերչյան), ինչպես նաև Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա): Զուգահեռ ներկայացվել է նաև Կոմպոզիտորների միության պատմությունը։ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը հյուրերին ողջունելիս ընդգծել է․ «Այս տարիների ընթացքում կերտվել է մի պատմություն, որը պատիվ է բերում թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին»։
Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Առաքելյանի (մշակում), Կոնստանտին Պետրոսյանի, Հայկուհի Հակոբյանի, Կոմիտաս-Ասլամազյանի, Երանյան-Սաթյանի ստեղծագործություններից:
Կառույցի 90-ամյակի և փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կոմպոզիտորների միության պատմությունը զուգադիպել է հայ ժողովրդի պատմությանը՝ ազգային վերելքներին, արհավիրքներին, հաղթանակներին ու անկումներին։ Փոխնախարարը բարձր է գնահատել այդ տարիներին միության նախագահների ազգանվեր գործունեությունը, որն իրականացվել է ոչ այնքան դյուրին պայմաններում.
«Ուսումնասիրելով միության ղեկավարների կենսագրությունը՝ հասկանում ենք, որ այդ մարդիկ իրենց աշխատանքով, անցած ճանապարհով և որդեգրած արժեհամակարգով օրինակ են մեզ համար՝ աննահանջ ձգտումների, քաղաքացիական սխրանքների ու խիզախումների, հավատարմության։ Այս կառույցի պատմությունը հպարտության և արժանապատվության զգացում է ներշնչում»։
ԱրԺևորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա գործունեությունն ու անցած ուղին՝ Ա. Խզմալյանը կարևորել է նաև կառույցի ներկա գործունեությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀԿՄ-ն անցկացնում է Պատանի կոմպոզիտորների փառատոնը, ինչն առանցքային է պետության մշակութային քաղաքականության տեսանկյունից, նոր մակարդակի վրա է դրվել Կոմպոզիտորների միության, Սիմֆոնիկ նվագախմբի և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փոխհամագործակցությունը՝ փոխելով վերաբերմունքը ժամանակակից կոմպոզիտորական արվեստի հանդեպ և հաշվի առնելով ներկա իրողությունները, մարտահրավերներն ու ժամանակի հրամայականը։
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90- ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի շրջանակում նախատեսվում են տարաբնույթ մրցույթներ, համերգային շրջագայություններ ՀՀ մարզերում և Արցախում:
Ելույթներով հանդես կգան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններ:
Փառատոնը կավարտվի նոյեմբերին: Նշենք նաև, որ միջոցառման շրջանակում ՀԿՄ համերգասրահի նախասրահում ՀՀ ազգային արխիվի հետ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել են միության պատմությունն ամփոփող արխիվային նյութեր: